Բիձինա Իվանիշվիլիի դեմ կոմպրոմատը պահվում է Երևանում. սկանդալային հայտարարություններ Թբիլիսիից
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող աուդիոձայնագրությունները պահվում են Երևանում: Ինչպես հաղորդում է sputnik-georgia-ն, այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան:
Նրա խոսքով՝ այդ հեռախոսազրույցների ձայնագրությունների մասին իրեն պատմել է Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին՝ առաջարկելով դրանք ձեռք բերել մի քանի միլիոն դոլարով:
«Սակայն գործարքը չի կայացել, քանի որ ես բավականաչափ գումար չեմ ունեցել դրանց ձեռքբերման համար»,- ասել է Գվարամիան։
«Նա այդ նյութերը մինչ օրս պահում է Երևանում։ Համենայն դեպս, նա ինձ ասաց, որ այդ նյութերը պահվում են Երևանում՝ իր ընկերոջ մոտ, մեծ քանակությամբ, և դրանց թվում կան Բիձինա Իվանիշվիլիի անօրինական գաղտնալսումները։ Մեկը տվեց ինձ լսելու։ Ես մինչև վերջ չլսեցի, սակայն նա ինձ համոզեց, որ ունի նման նյութեր։ Նա ասաց, որ դրանք մի քանի միլիոն կարժենան»,- ասել է Գվարամիան։
Նիկա Գվարամիան պատրաստակամություն է հայտնել այդ գործի մասին պատմել դատարանում և մանրամասն պատմել, թե ինչպես է Բիձինա Իվանիշվիլիի դեմ կոմպրոմատը հայտնվել Երևանում։
Իր հերթին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սաքվարելիձեն հայտարարել է, թե Լաշա Նացվլիշվիլին փորձել է միլիարդատիրոջ գաղտնի ձայնագրությունները վաճառել Սաակաշվիլիի թիմին։
«Այն բանից հետո, երբ Լաշա Նացվլիշվիլին նեղացավ Բիձինա Իվանիշվիլիից, նա առաջարկեց մի քանի միլիոն դոլարով գնել Բիձինա Իվանիշվիլիի հեռախոսազրույցները»,- հայտարարել է Սաքվարելիձեն «Ռուսթավի-2»-ի եթերում։
Նա ասել է, որ առաջարկն արվել է «իր ընկերոջը», որի անունը չի տվել, սակայն հույս է հայտնել, որ վերջինս անձամբ կհաստատի տվյալ տեղեկությունը։ Ընկերը՝ տվյալ դեպքում Նիկա Գվարամիան, հաստատել է, որ Նացվլիշվիլիի հետ հանդիպումը կայացել է Ժնևում, որտեղ հնարավորություն է ունեցել լսել մի քանի ձայնագրություն, սակայն ոչ ամբողջությամբ։
«Խրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն էլ հայտարարել է, որ իրեն հայտնի է նման ձայնագրությունների գոյության մասին։ Նրա խոսքով՝ դրանցից մեկում Իվանիշվիլին խոսում է պատրիարքի մասին։ Կիլաձեի խոսքով՝ այդ ձայնագրությունների համար իրենից պահանջել են 10 մլն դոլար։
Լաշա Նացվլիշվիլին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, թե Գվարամիայի խոսքերը ոչ մի ընդհանուր աղերս չունեն իրականության հետ։
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2013թ. նոյեմբերի 30-ը։
Նա ընդգրկված է Forbes ամսագրի վարկանշային աղյուսակում 2005 թվականից։ 2010թ. նա վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը 4.8 մլրդ դոլար կարողությամբ։ Համարվում է ամենահարուստ վրացիներից մեկը։