Վնասված կամ խեղում ստացած փրկարարական ծառայողները հնարավորություն կստանան պետության հաշվին բուժում ստանալ արտերկրում
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ մարտական հերթափոխություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասված կամ խեղում կամ դրա հետևանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողները, փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման, ծագած հիվանդության՝ ՀՀ տարածքում գործող բժշկական օգնության և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման, հետազոտության անհնարինության դեպքում (բացառությամբ՝ եթե ստացված վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է)՝ օգտվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների՝ սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից։
«Այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտար երկրներում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայությունը՝ հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսն ու կեցությունն օտարերկրյա պետությունում։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ հնարավորություն է ընձեռվում մարտական հերթափոխ իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման, հետազոտության անհնարինության դեպքում՝ փրկարարական ծառայողների օտարերկրյա պետությունում բուժման ծախսերը իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այդ ծախսերը կկատարվեն ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համար կատարվող հաշվարկների համանման»,- նշեց փոխնախարարը։