«Լապշինի արտահանձնումը զուտ քաղաքական ակցիա է». Արման Նավասարդյան
«Լապշինի արտահանձնումն ապտակ էր Հայաստանի համար ու կարող է ունենալ հեռուն գնացող հետևանքներ: Սակայն սրան չի կարելի մոտենալ իրավական տեսանկյունից. իրավական կողմից ոչ մի կապ չկա, քանի որ սա սկզբից մինչև վերջ քաղաքական ակցիա է, որ կատարվեց երկու երկրների մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով Բելառուսում Հայաստանի դեսպանի կատարած աշխատանքներին` նա ասաց.
«Նման իրավիճակներում միշտ մեղավորներ են փնտրում, ու, որպես կանոն, դա դեսպանն է լինում: Եթե գործերը լավ են, ուրեմն լավ է աշխատել, և՝ հակառակը: Իհարկե, թերություններ եղել են, ու դիվանագետի, դեսպանի էությունը նրանումն է, որ ժամանակին հասկանա` ինչ է կատարվում, որ քո երկրի շահերը չոտնահարվեն»:
Ըստ բանախոսի` սա զուտ քաղաքական խնդիր է, որը բխում է մի քանի գործոններից.
1. Սա Ադրբեջանի ծրագրավորած գործն է, որը նա, ըստ էության, առել է:
2. Այս քայլով Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ցույց տվեց իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ: Կարող ենք ասել, որ նա գտնվում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաշեմին, և իր քաղաքական ընթացքը տանում է հենց դրան: Սա հարված է հասցնում նաև Ռուսաստանին:
Նավասարդյանի կարծիքով` Բելառուսի հետ հարաբերությունները խզելը մեր շահերից չի բխում.
«Պետք չէ դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները , քանի որ դա երկրների միջև իրականացվող լավ պրակտիկա չէ, դա արդեն ծայրահեղ պատերազմական գործողությունների շեմին տարվող քաղաքականություն է: Բացի անհատի խնդիրներից` գոյություն ունեն նաև պետական շահեր»:
Լապշինի արտահանձնման հետ կապված՝ ո՛չ իրավական և ո՛չ բարոյական առումով արդարացում չգտնելով` Արման Նավասարդյանն առանձնացրեց մի քանի դեպքեր, երբ պետք է կատարվի արտահանձնում.
«Oրինակ` երբ ՀՀ քաղաքացին հանցանք է գործել ու փախել այլ երկիր ու ապաստան գտել, Հայաստանն իրավունք ունի նրան հետ պահանջել, և երկրորդ՝ երբ ուրիշ երկրում է զանցանք կատարել ու բանտարկվել, այս դեպքում ևս կարող է հետ պահանջել»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, Նավասարդյանը պատասխանեց.
«Մենք պետք է օգտագործենք այս առիթը, պետք է ոչ թե պաշտպանվենք, այլ` հարձակվենք: Մենք պետք է այս ամենի մեջ ներքաշենք նաև սփյուռքը, պետք է ահազանգ հնչեցնենք և ամբողջ աշխարհին ներկայացնենք, թե ինչ է կատարվում: Պետք է կարողանանք այս իրավիճակը ճիշտ օգտագործել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար»:
Անի Թորոսյան