ՔԿՀ պետի տեղակալը հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրել

Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը ևս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրել կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած պաշտպանին կամ մերձավոր ազգականներին։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոփոխություն կատարվեց Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ։ Հարցը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Առավել ճկուն լինելու, շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք, որ հնարավոր են իրավիճակներ, երբ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ այդ թույլտվությունը տրամադրի նաև հիմնարկի պետի տեղակալը»,- ասաց նախարարը։

Նշենք, որ գործող կարգավորումների շրջանակներում կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին, և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին:

Տեսանյութեր

Լրահոս