«Երեկ ես իմ աշխատասենյակը լքել եմ երեկոյան ժամը 11-ին». Վարդան Արամյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի զգուշացումը՝ կապված ադմինիստրատիվ ռեսուրսները քարոզչության համար օգտագործելու հետ, Ֆինանսների նախարարությանն ուղղված չէին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդամ Արամյանը։ Նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանին է պետք հարցնել, թե ում էր ուղղված հայտարարությունը։ Նա կարծիք հայտնեց, որ դա հորդոր էր, քանի որ թևակոխելու ենք նախընտրական շրջան։ «Վստահ կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանն ուղղված չէր»,- ասաց նա։
Վարդան Արամյանն ասաց, որ, եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար գտնի, որ ինքը միառժամանակ պետք է դադարեցնի իր գործունեությունը և անցնի կուսակցական գործունեության, կանի դա. «Դա լինելու է հրապարակային, վստահ եմ, որ դուք դրա մասին կիմանաք»։ Նա նշեց, որ կուսակցական գործունեությամբ այժմ չի զբաղվում. «Դուք կարող եք գալ, տեսնել։ Երեկ ես իմ աշխատասենյակը լքել եմ երեկոյան ժամը 11-ին»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ անդամ, Վարդան Արամյանը պատասխանեց. «Որովհետև ՀՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն է ստանձնել կառավարելու այս երկիրը»։