Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից. WSJ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Պարբերականը հրապարակել է մարդկանց ցուցակը, որոնք հրաժարվել են ԱՄՆ քաղաքացու անձնագրերից 2016թ.։
Ջոնսոնը ի ծնե ունեցել է ամերիկյան քաղաքացիություն՝ նա ծնվել է Նյու Յորքում։ Նրա խոսքով՝ ինքը 5 տարեկանից ԱՄՆ-ում չի ապրել, սակայն պահպանել է քաղաքացիությունը։
2014թ. նա հայտարարեց, որ ԱՄՆ իշխանությունները իրենից պահանջում են հարկ վճարել իր լոնդոնյան տան վաճառքից։ հաղորդվում էր, որ նրա պարտքը կազմում է 50 հազար դոլար։
Ընդհանուր առմամբ՝ անցած տարի ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 5411 մարդ։
Նշվում է, որ դա ռեկորդային թիվ է՝ 26%-ով գերազանցելով 1990-ականների սկզբի ցուցանիշը։