«Ճի՞շտ եմ ասում: Ուշադի´ր եղեք». Կարեն Կարապետյանը՝ Հրաչյա Ռոստոմյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարականներ տվեց ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարներին: Հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:

Վերջին հանձնարարականը ֆիզիկական կուլտուրայի մասսայականացմանն էր վերաբերում: Կարեն Կարապետյանն ասաց, որ նախարարությունների հաշվետվությունների քննարկման ընթացքում որոշակի բաներ են պարզվել.

«Կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում: Ելնելով նշվածից՝ հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին մեկամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն՝ այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ, գույքագրել հանրակթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ՝ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:

Ինչո՞ւմ է խնդիրը՝ կրթական ծրագրերն ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան կրթական տարբեր ծրագրեր, գոյություն չունեն ստանդարտներ: Մասսայական սպորտի վերաբերյալ, պարո´ն Ռոստոմյան, հանձնարարականը՝ գույքագրել ակտիվները, տրված էր շուտ: Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ինչպես ենք անում սպորտդահլիճները գյուղական համայնքներում, ինչ ուժերով, ինչպես ենք ակտիվացնում պրագմատիկ տարբերակով: Ճի՞շտ եմ ասում: Ուշադի´ր եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս