Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել. Fox News
Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել Թեհրանից արեւելք տեղակայված մեկնարկային հարթակից: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն այդ հարթակից հունվարի վերջին արձակվել էր միջին հեռահարության հրթիռ, որն անցել Էր մոտավորապես 600 կիլոմետր:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Պեդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնն ուսումնասիրում է Թեհրանի կողմից «երկիր-օդ» դասի հրթիռի արձակման վերաբերյալ հաղորդագրությունները:
«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 2231 բանաձեւը կոչ է անում Իրանին չանցկացնել նման փորձարկումներ: Թեհրանը նմանօրինակ արձակում էր իրականացրել նաեւ անցյալ տարվա հուլիսին:
Փետրվարի 3-ին Վաշինգտոնն ընդլայնել է Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Սեւ ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ եւ 12 ընկերություն: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ սահմանափակումների ընդլայնումը կապված Է բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ծրագրի, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը Թեհրանը ցուցաբերում է շիաների «Հզբոլլա» լիբանանյան շարժմանը, որին ԱՄՆ-ում ահաբեկչական են համարում: