
Չինաստանում միասին լուսանկարվել են նույն գերդաստանի 500 անդամներ

Չինական Ռեն գերդաստանի ավելի քան 500 անդամներ միասին լուսանկարվել են՝ Չժեցզյան արեւելյան նահանգի Շիշե գյուղում հավաքվելով լուսնային օրացույցով Ամանորը տոնելու համար:
Լուսանկարիչ Չժան Լյանզոնը լուսանկարներն արել է դրոնի միջոցով՝ գյուղի մերձակա բազալտե քարաժայռերի ֆոնին:
Նա BBC-ին պատմել է, որ Ռեն ընտանիքի պատմությունն սկիզբ է առնում ավելի քան 850 տարի առաջ, բայց տոհմածառը չեն նորացրել արդեն 80 տարուց ավելի:
Գյուղի հնաբնակներն արդեն ձեռնամուխ են եղել գերդաստանի պատմության ուսումնասիրմանը եւ ընտանիքի պատմության մեջ այդ վերջին տասնամյակների վերականգնմանը:
Նրանք պետք է հարցումներ անեն այդ գերդաստանի յոթ սերունդների՝ ներկայում ապրող ներկայացուցիչներին:
Լուսանկարվելու համար հաջողվել է հավաքել Ռեն գերդաստանի քառորդ մասին: Մարդիկ ժամանել էին Պեկինից, Շանհայից, Թայվանից: