«Ալեքսանդր Լապշինի հարցը ոչ թե քաղաքական է, այլ իրավական». Ադրբեջանի ԱԳՆ
«Մի քանի երկրի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական գործի հարուցմանն ու նրա արտահանձնմանը Ադրբեջանին քաղաքական ենթատեքստ հաղորդելը ու հարցի քաղաքականացումը ճիշտ չեն։ Այս հարցը, որն ունի բացառապես քաղաքական բնույթ, պետք է քննվի իրավական հարթության վրա», ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Լապշինն «անօրինական այցեր է կատարել Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ՝ առանց Ադրբեջանի Հանրապետության կառավարության թույլտվության և արել է կոչեր, որոնք ուղղված են խաթարել միջազգայնորեն ճանաչված մակարդակով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
«Իմանալով, որ իր անունը գտնվում է «անցանկալի անձնանց» ցուցակում՝ նա 2016թ. հունիսին դարձյալ մուտք է գործել Ադրբեջան այլ անձնագրով։ Նա բացահայտորեն հայտարարել է, որ դա արել է դիտավորյալ և կանխակալ կերպով։
Նկատի ունենալով, որ Ալեքսանդր Լապշինի գործողություններում պարունակվում են պետության դեմ ուղղված կոչեր և նա անօրինականորեն հատել է պետական սահմանը, նրա նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ 281.2 (բացահայտ կոչեր պետության դեմ) և 318.2 հոդվածներով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների անօրինական հատում)։
Նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում։
Բլոգերը ձերբակալվել է 2016թ. դեկտեմբերի 14-ին Բելառուսում։
2017թ. փետրվարի 7-ին Լապշինը արտահանձնվել է Բելառուսից Ադրբեջան և տեղափոխվել է արդարադատության նախարարության Բաքվի քննչական մեկուսարան։
Նրա հարցը քնարկվում է Ադրբեջանի օրենքների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։