ԱԳՆ լռությունը Լապշինի հարցում
Անցել է արդեն մոտ 24 ժամ բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից հետո: Երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը համառորեն լռում էր այս մասին: Այսօր՝ նախարարության կայքի լրահոսում հայտնվեց մի հետաքրքիր մեկնաբանություն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի կողմից:
Այս մեկնաբանությունը ուշագրավ է երեք տարբեր պատճառներով:
Միջազգային հեղինակություն
Նախ և առաջ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, որոշել է Բելառուսի քայլին մեկնաբանություն տալ խոսնակի մակարդակով (թեև Բելառուսում այն քննարկվում է նախագահական մակարդակով):
Նմանօրինակ ընտրությունը գուցե հասկանալի լիներ, եթե խոսքը գնար ոչ թե ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի, այսպես ասած, դաշնակից երկրի կողմից հստակ հակահայկական քայլի մասին, այլ՝ Կամբոջայի կամ Պակիստանի կողմից այդպիսի քայլի մասին: Այլ կերպ ասած՝ նախարարի մակարդակով լռելը, երբ հերթական անգամ «բարեկամ»
Բելառուսը իրեն Հայաստանի և Արցախի հանդեպ թշնամաբար է պահում որևէ ռացիոնալ բացատրություն չունի և զգալիորեն վնասում է ՀՀ միջազգային վարկանիշին՝ ևս մեկ անգամ Հայաստանը ներկայացնելով որպես անկամ ու սեփական շահերը պաշտպանելու անընդունակ երկիր, որը ուր քամին փչի, այնտեղ էլ կգնա:
Իսկ ո՞ւր է Բելառուսը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի վերոհիշյալ հայտարարության վերնագրում հիշատակվում է Ադրբեջան բառը: Այնուհետև մեկնաբանության առաջին պարբերությունը ասում է «Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը»: Այո, այս ամենը համապատասխանում է իրականությանը, այդուհանդերձ ո՞ւր մնաց Բելառուսի կոնկրետ քայլի հանդեպ ՀՀ ԱԳՆ կոնկրետ դիրքորոշումը:
Որևէ մեկին գաղտնի չէ, որ Բելառուսը միջազգային բոլոր ատյանների կողմից համարվում է բռնապետություն, այդուհանդերձ Ադրբեջանը ևս Բելառուսի շարքերում է: Հարց է ծագում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ո՞ւմ նկատի ունի բռնապետություն բառը կիրառելիս՝ Ադրբեջանին, թե Բելառուսին, և ի՞նչու մեկնաբանության մեջ ոչ մի հիշատակություն չկա Մինսկի կամ Բելառուսի մասին:
«Տուրիզմի» նախարարություն
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,– նշել է Տիգրան Բալայանը իր մեկնաբանության երկրորդ մասում։ Բնականաբար, զբոսաշրջությունը և հայտնի գործիչների այցելությունը ԼՂՀ կարևոր խնդիր է։
Երևանն ու Ստեփանակերտը Լապշինի դեպքից հետո պիտի եռակի թափով փորձեն մարդկանց հրավիրել Արցախ: Այդուհանդերձ, այսօր՝ 2017 թ. փետրվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության համար առաջնահերթ խնդիրը Բելառուսի քայլը մեկնաբանելն էր՝ հնարավորինս խստիվ և կտրուկ, այլ ոչ թե տուրիզմի մասին անհանգստությունը: Հարցը քաղաքական է և ուղղակիորեն վերաբերվում է Հայաստանին:
Բելառուսը սատարում է պաշտոնական Բաքվի հակաժողովրդավարական նախաձեռնությունը: Եվ այս պարագայում Երևանը պետք է տարածաշրջանով հետաքրքրվող բոլորին ցույց տա հենց դա՝ մատնանշելով 22 տարի Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող բռնապետին:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»