Մոսկվայում տեղի կունենա հայ գիտնական Յուրի Օգանեսյանի Oganesson տարրի «երդմնակալության» հանդիսավոր արարողությունը
Մարտի 2-ին մարտին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի կունենա Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրի «երդմնակալությունը», որն իր անունն ստացել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգանեսյանի (118 – Og (Oganesson)):
Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն գերծանր տարրերի սինթեզի ոլորտի աշխարհահռչակ գիտնականներ։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանը։
«Մարտի 2-ին Մոսկվայում ՌԴ ԳԱԱ կենտրոնական տանը տեղի կունենա նոր տարրերի՝ իր տեսակի մեջ «երդմնակալությունը», ավանդույթի համաձայն, այն միշտ անցկացվում է, երբ նոր տարրն անվանում է ստանում, ինչպես, երբ նորածնին է անուն տրվում»,- ասել է Օգանեսյանը։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) 2016թ. նոյեմբերին պաշտոնապես հայտարարել էր Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի: Ինչպես հաղորդում է միության պաշտոնական կայքը, 113-ն ստացել է Նիհոնիում անվանումը, 115-ը՝ Մոսկովիում, 117-ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Օգաննեսյանի:
«115-րդ և 118-րդ տարրերի «երդմնակալությանը հրավիրվել են մեր գիտության ղեկավարները, Մոսկվայի մարզի նահանգապետը, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահները, ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային ֆիզիկայի բաժնի ղեկավարը, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի առաջատար գիտնականներ»,- նշել է նա։
Օգանեսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։
Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: