Իսրայելցի պատգամավորը դիմել է Նեթանյահուին և Լիբերմանին՝ խնդրելով օգնել Լապշինին
Իսրայելի Կնեսետի պատգամավոր («Սիոնիստական ճամբար») Քսենյա Սվետլովան, որը մասնակցում է Լապշինին ազատ արձակելու գործին դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին՝ կոչ անելով օգնել երեկ Մինսկից Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։
«Արթնացե՛ք, օգնե՛ք ազատել իսրայելցի Լապշինին։ Նրան գիշերը Մինսկից արտահանձնել են Ադրբեջան, և ներկայումս նրա կյանքին վտանգ է սպառնում։
Կոչ եմ անում վարչապետին և պաշտպանության նախարարին գործի դնել իրենց կապերն ու ազդեցությունն Ադրբեջանում, որպեսզի հասնեն նրա ազատ արձակմանը։
Լապշինը ծառայել է ՑԱԽԱԼ-ում, վտանգի է ենթարկել իր կյանքը հանուն երկրի, իսկ հիմա Իսրայել պետությանը չի հետաքրքրում նրա ճակատագիրը։
Նրան կալանավորելու պահից ես դիմել եմ բոլոր հնարավոր ատյանները՝ փորձելով ազատ արձակել նրան, սակայն ապարդյուն։ Խնդրում եմ ձեզ միջամտել, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ողբերգություն տեղի չի ունեցել»,- հայտարարել է պատգամավորը։