«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից պետք է պահանջել համարժեք արձագանք». Կիրո Մանոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից պետք է պահանջել համարժեք արձագանք Արդբեջանի գործողություններին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի հրահրած լարված ության աճին:

«Ամեն անգամ, երբ նշվում է, որ սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում, Ադրբեջանը նման քայլերի է դիմում: Ինչպես գիտեք, խոսվում է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին: Այստեղ պետք է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից համարժեք, հստակ, անվանական, արձագանք` ուղղված Ադրբեջանի գործողություններին: Միջնորդները սովորաբար հավասարության նշան են դնում, որ կողմնակալ չերևան, սակայն կան դեպքեր, որ իրերը պետք է իրենց անունով կոչել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարում ղարաբաղյան հարցի հետ կապված առանձնապես դժվար է որևէ բան ակնկալել: Նախ` Հայաստանի համար տարին ընտրական է, երկրորդ` դրան խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը:

Տեսանյութեր

Լրահոս