
«Նման քայլերը խաղաղ կարգավորման գործընթացին չեն նպաստի». Կիրո Մանոյան

Բելառուսից բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը պետք է բարձրացնել տարբեր միջազգային կառույցներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հայկական կողմը պետք է փորձի իր անհանգստությունը բարձրացնել այն մասին, որ նման քայլերը խաղաղ կարգավորման գործընթացին չեն նպաստի: Մեր հասարակությունը, քաղաքական շրջանակները պետք է բարձրացնեն այս հարցը: Ինչպես գիտեք, մի շարք երկրներում բողոքի ցույցեր եղան, այդ գործընթացը պետք է շարունակել»,-ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում պետք է այս հարցի էությունը պարզել, հասկանալ` ինչ ենթաշերտեր այն ունի: Չէ՞ որ բազմաթիվ այլ օտարազգի քաղաքացիներ եղել են Արցախում և հայտնվել «սև ցուցակում», սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հայտարարվել: Կիրո Մանոյանի համար զարմանալի է, որ Բելառուսը չի փորձում արտահանձնման այլ պատճառներ ներկայացնել` բավարարվելով Ադրբեջանի ներկայացրածով, այն է` Լապշինը եղել է Ղարաբաղում:
«Այս պատճառաբանումը խեղկատակություն է, հետևաբար պետք է հակազդել: Ինչպես գիտենք ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հանձնակատարը խոսել է այդ մասին` հայտնելով իր անհանգստությունը: Լավ կլիներ, որ մեր խորհրդարանականները բարձրացնեին այս հարցը, դրանից բացի, ընդհանուր առմամբ, խրախուսվի, որ Լապշինը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անհրաժեշտ է աշխատանք տանել, թե Ռուսաստանի, թե Իսրայելի հասարակական հատվածի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը: