«Նանո-տեխնոլոգիաներով պատրաստված պարարտանյութը հնարավորություն կտա 30% ջրի խնայողություն և 30% բերքի ավելացում ունենալ»
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ին տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանում կիրառվելու է նանո-տեխնոլոգիաներով պատրաստված պարարտանյութը, որը հնարավորություն կտա 30% ջրի խնայողություն և 30% բերքի ավելացում ունենալ. «Հողն էլ զուգահեռ կհարստանա հումուսով: Նանո-տեխնոլոգիաները որևէ բացասական ազդեցություն չունեն: Մեր միավորման ֆերմերներին այն կտրվի անվճար, իսկ առհասարակ 1 հեկտար տարածքի համար պարարտանյութն արժե մոտ 28-29 դոլար: Հատկապես Շիրակի գոտում այս պարարտանյութը խիստ անհրաժեշտություն է»:
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստան-Վրաստան գյուղատնտեսական համագործակցությունը. «Մենք վերջին տասը տարում վրացի ֆերմերներ Հայաստանում չենք տեսնում, վրացիներն էլ հայ ֆերմերներին չեն տեսնում: Ժամանակին ինչ-որ չինովնիկ խոչընդոտեց այդ համագործակցությանը, և արդյունքում՝ ընկուզեղենի, մանդարինի գները հայկական շուկայում կրկնակի աճեցին:
Հիմա նախատեսվում է Հայաստանում վրացական շուկա բացել, իսկ Վրաստանում՝ հայկական, և այդ ծրագրին մասնակցող ֆերմերների համար սահմանին պետք է կանաչ լույս լինի: Ոչ թե վրացին գա, այստեղից էժան կարտոֆիլ գնի, տանի Վրաստան՝ թանկ գնով վաճառի, կամ մերոնք էլ մանդարինը բերեն՝ մեզ վրա եռակի թանկ գնով վաճառեն, այլ ամեն ինչ էժան գներով կարողանանք գնել: Վարչապետն այս ծրագրին հավանություն է տվել, նա մոտ օրերս մեկնում է Վրաստան, և քննարկմանն ասաց, որ այդ հարցն առաջնահերթություն է լինելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում