«Հարցը չպատկերացնելու հետևանք է, եթե նման պահանջներ կան». Բելառուսում ՀՀ դեսպանը՝ իրեն ետ կանչելու պահանջների մասին

168.am-ը բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բաքու արտահանձնման շուրջ կարճ զրույց է ունեցել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Բելառուսում ՀՀ դեսպանատունը։

– Լապշինի գործի առնչությամբ ես եղել եմ Բելառուսի ԱԳ նախարարությունում, ներկայացրել մեր կարծիքը։ Ինչ վերաբերում է այն բանին, թե դա որքան ազդեցիկ կարող է լինել, ես ձեզ ասեմ, որ Իսրայելի վարչապետը, Ռուսաստանի ԱԳ նախարարը նույնպես այս հարցը բարձրացրել են, բայց լուծումն այսպես եղավ։ Այսինքն՝ մեր դեսպանատունը հնարավորինս ամեն ինչ արեց, չնայած նա մեր քաղաքացին չէ։ Բայց ելնելով մարդու իրավունքներից և այլ հանգամանքներից՝ մենք մեր տեսակետն արտահայտել ենք։

– Ի՞նչ տեսակետ եք ներկայացրել Բելառուսի ԱԳ նախարարությունում։

– Ներկայացրել ենք մարդու իրավունքների, Ադրբեջանի ոչ ժողովրդավարական վարքագիծը, օրինակ բերել Հունգարիայում մեր սպայի և Սաֆարովի հետ կապված դեպքը, որ չի կարելի մարդուն հանձնել մի պետության, որտեղ չկա ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, և այլն, և այլն։

Ես ուզում եմ մեկ հանգամանք նշել։ Այնտեղ կա իրավիճակ, որը մեզ մոտ երևի թե ոչ բոլորն են լավ պատկերացնում։ Նրան ձերբակալել են Ադրբեջան մուտք գործելու համար, ես նկատի ունեմ՝ այն ժամանակ սև ցուցակում լինելով և դրանից հետո Ադրբեջան մուտք գործելու համար, որից առաջ նա եղել է Ղարաբաղում։

– Այսինքն՝ ըստ Ձեզ, այլ հանգամանք կա՞ այս գործում։

– Նա եկել է Ղարաբաղ և քանի որ եղել է Ղարաբաղում, Ադրբեջան այլևս չէր կարող գնալ, նա եղել է Ադրբեջանի սև ցուցակում, բայց մտել է Ադրբեջան ուկրաինական անձնագրով, որտեղ Ալեքսանդրը Օլեքսանդր է եղել, թողել են, մտել է, նրան մեղադրում են սահմանն ապօրինի խախտելու մեջ՝ իրենց ձևակերպմամբ։

– Կան մտավախություններ, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր եղել են Ղարաբաղում, ինչո՞ւ ոչ, կարող են նման վերաբերմունքի արժանանալ Բելառուսում և արտահանձնվել Բաքու՝ Արցախ այցելելու համար։

– Դա ՀՀ քաղաքացիների հետ ոչ մի կապ չունի, եթե հետո չեն գնում Ադրբեջան։

– Պահանջներ են շրջանառվում Ձեր պաշտոնանկության վերաբերյալ, որ Լապշինի արտահանձնումը դեսպանատան անգործության հետևանք է նաև։ Ըստ Ձեզ՝ դեսպանատունը կատարե՞լ է բոլոր անհրաժեշտ քայլերն այս սցենարը բացառելու նպատակով։

– Իհա՛րկե կատարել է, և դա հարցը չպատկերացնելու հետևանք է, եթե նման պահանջներ կան։

Տեսանյութեր

Լրահոս