
Թուրքիայի մեջլիսի պատգամավորին սպառնում է մինչև 81,5 տարվա ազատազրկում

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի կալանավորված պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմին սպառնում է 27,5-ից մինչև 81,5 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը ընդունել է մեղադրականը, որով Յըլդըրըմը մեղադրվում է «հանցախումբ հիմնելու և ղեկավարելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին հրապարակայնորեն ատելության ու թշնամության դրդելու», «ժողովրդին օրենքին հակառակ ցույցեր ու ժողովներ անելուն հրահրելու» մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: