Դավիթ Բաբայանը՝ սահմանին տիրող լարված իրավիճակի մասին

«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում այնպես է, ինչպես եղել է միշտ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել»,-  168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը։

Դավիթ Բաբայանը նախ՝ հորդորեց հաշվի առնել տեղեկատվական պատերազմի առկայության հանգամանքը տարբեր աղբյուրներով տեղեկատվություն տարածելիս։

«Ամենակարևորն Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական տեղեկատվությունն է։ Եթե նույնիսկ ունենում ենք կորուստներ, ինչը ցավալի է, մեկ կորուստը, մեկ վիրավորը սարսափելի երևույթ է մեզ համար, չենք թաքցնում երբեք, ուստի, մինչև համապատասխան տեղեկություն չի տարածվում պատկան մարմնի կողմից, պետք է ձեռնպահ մնալ իրավիճակի վերաբերյալ պատկան մարմնի կողմից չհաստատված տեղեկություն տարածելուց»,- ասաց Բաբայանը։

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի հավաստիացմամբ, իրավիճակն այնպիսին է, ինչպես եղել է միշտ։ Բաբայանի խոսքով, մի օր մի փոքր ակտիվ են խախտում զինադադարի ռեժիմը, մի օր՝ քիչ, քանի որ հակառակորդի էությունը չի փոխվել։

«Ֆաշիստական պետությունը նման կերպ էլ պետք է վարվի, իսկ ո՞վ է ասել, որ չպետք է խախտի զինադադարի ռեժիմը։ Եթե չխախտի, դա կնշանակի՝ տարօրինակ երևույթ Ադրբեջանի նման պետության համար։ Լարվածությունն այնպես է, որ իրենք խախտում են զինադադարի ռեժիմը, արձակում են կրակոցներ, այդ թվում՝ նռնականետերից, ականանետերից, և այլն, և այլն։ Կրկնում եմ, որ տարօրինակ չէ։ Երեկ էլ էր այսպես, նախորդ օրը՝ ևս։ Պետք է հաշվի առնենք, որ սա սպասելի զարգացում է, հատկապես հաշվի առնելով 2017թ. յուրահատկությունը։

Գիտեք, որ բոլորս շուտով տոնելու ենք Շուշիի ազատագրման 25-ամյակը, Բերձորի, իրենց համար դրանք հակառակ տարեդարձներ են, նրանք կորցրել են Շուշին, Բերձորը, հետո Խոջալուի սպանդի 25-ամյակն է, որի կազմակերպիչները հենց իրենք են։ Պետք է հակահայկական մաղձը կրկին ներարկեն իրենց հասարակության մեջ, որպեսզի այդ ռեժիմը պահպանվի՝ մոլորեցնելով մարդկանց։ Ուստի, հատկապես այս տարի, շարունակելու են խախտել զինադադարի ռեժիմը, ինչը մեզ համար տարօրինակ և անսպասելի չէ»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս