Բաժիններ՝

«Ոչ ոք տեղեկացված չէր». Լապշինի կինը մեկնաբանում է արտահանձնումը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, հայտնել է, որ ապշած է Բելառուսի կողմից իր ամուսնուն Ադրբեջան արտաքսելու դեպքի առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Քանի դեռ ընթանում էր դատական նիստը, ստացվում է, որ նրան նստեցնում էին ինքնաթիռ: Ինձ քիչ առաջ զանգահարեցին Իսրայելի հյուպատոսարանից: Այո, դա ճիշտ է, նա Բաքվում է: Թեպետ նամակ էր ուղարկվել հավելյալ պաշտպանության համար, դիմում էր ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: Ոչ բարեկամները, ոչ փաստաբանները, ոչ դեսպանությունը` ոչ ոք տեղեկացված չէր, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- նշել է Լապշինի կինը:

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե անվտանգության ինչպիսի խստացված միջոցներով են իր ամուսնուն տեղափոխել Բաքու: «Տեսեք, թե անվտանգության քանի աշխատակից կա: Բեն Լադենին այլ կերպ չէին տանում: Թեպետ, իհարկե, ճանապարհորդն ավելի վտանգավոր է»,- ընդգծել է Եկատերինան:

Հաշվի առնելով առաջիկայում հնարավոր բոլոր սադրանքները` նա հորդորել է բոլորին զերծ մնալ կտրուկ գործողություններից և արտահայտություններից, քանի դեռ իրենք հստակ չգիտեն, թե ինչպես է Ալեքսանդր Լապշինն այնտեղ և թե ինչ է նրա հետ կատարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս