«Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ». ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան
                                    ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսը նրան հանձնել է Ադրբեջանին:
Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար:
Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    