
70-ամյա Թրամփն օրվա ընթացքում քնում է ընդամենը 4-5 ժամ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քնին տրամադրում է 4-5 ժամից ոչ ավելի: 70-ամյա Թրամփն այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի վերջին դրվագը փետրվարի 7-ին ցուցադրվել է եթերում:
«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,- պատմել է նա:
«Ընթերցում եմ թերթերը, հեռուստացույցով դիտում եմ, թե ինչ է տեղի ունենում… Անմիջապես բռնում եմ սուտը»,- շարունակել է Թրամփը, որը բաց չի թողել հնարավորությունը հերթական անգամ գանգատվելու «որոշ հեռուստաալիքների եւ թերթերի չափն անցնող անազնվությունից, որոնք բացահայտ կեղծիքներ են հրապարակում», հատկապես ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ:
Թրամփը հերթական անգամ պնդել է, որ ԱՄՆ-ի զագվածային լրատվամիջոցները միտումնավոր «սուտ նորություններ» են հրապարակում իր մասին՝ փորձելով ստվեր նետել իր վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: