Հնդկաստանում նոբելյան դափնեկրից գողացել են պարգևատրման հավաստագիրը
Հնդկաստանի մայրաքաղաքում գողերը գիշերը կողոպտել են նոբելյան դափնեկիր և հայտնի իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիի բնակարանը՝ հափշտակելով նրա նոբելյան հավաստագիրը: Այս մասին հայտնել է The Hindu թերթը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա իրավապաշտանը եղել է արտասահմանում. նա մեկնել էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաև գողացել են թանկարժեք իրեր և էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Ոստիկանությունը գրանցել է գործը և հետաքննություն է սկսել: Քայլաշ Սաթյարթին հնդիկ հայտնի իրավապաշտպան է և սոցիալական ակտիվիստ, որը հանդես է գալիս ի պաշտպանություն երեխաների իրավունքների: 2014 թվականին նա 17-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ «երեխաների և երիտասարդության կեղեքման դեմ և հանուն բոլոր երեխաների կրթության իրավունքի» պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: