Բաժիններ՝

Դատարանները չեն քննել «Հայկանդուխտ» կուսակցության հայցը

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դիմել է դատարան՝ պահանջելով առոչինչ համարել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գործի ընթացքը՝ Արմենուհի Ղազարյանն ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, կուսակցության համակարգող խորհրդի նախկին նախագահ, ներկայիս կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանի։ Հայցադիմումում, որպես երրորդ անձ, նշվել է ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը։ 2017թ. հունվարին, Արմենուհի Ղազարյանի խոսքով, ստացել է դատարանի որոշումը հայցադիմումը վերադարձնելու մասին. որոշումը պատճառաբանված է եղել նրանով, որ հայցն ըննդատյա է ՀՀ վարչական դատարանին։

Ըստ Արմենուհի Ղազարյանի՝ 2017թ. հունվարի 31-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Պահանջվել է առոչինչ համարել «Հայկական Վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, կուսակցության հիմնադիր համագումարի թիվ 1 արձանագրությունը, կուսակցության կառավարման խորհրդի անդամների կողմից պետական ռեգիստր ներկայացրած դիմումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել նշված կուսակցության՝ պետական ռեգիստրի գրանցամատյանում պետական գրանցումը։ Այս անգամ որոշում է կայացվել ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։ «Ետ է վերադարձրել՝ հիմնավորելով, որ հայցը ընդդատյա է առաջին ատյանի դատարանին,- ասաց նա՝ նշելով,- Պատճառն այն է, որ ինչ-որ մեկի ձեռքերը շատ երկար են, և աշխատում է միջամտել այս գործերին»։ Վարչական դատարանի որոշումից հետո կրկին հայցադիմում է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։

Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց, որ ասվածը մեկնաբանելու կարիք էլ չկա, եթե հիմքեր լինեին, հայցադիմումները վարույթ կընդունվեին. «Մենք լուրջ չենք վերաբերվում այս գործընթացին, քանի որ ունենք մեր փաստարկները։ Նույն կերպ, ինչպես մեղադրում են, թե դատարանները պատվեր են կատարում, կարող ենք մարդկանց, ովքեր այս գործընթացի մեջ են, մեղադրել պատվեր կատարելու մեջ՝ հաշվի առնելով, որ դեմն ընտրություններ են, փորձում են կուսակցությանը կպնել, վարկաբեկել, ցեխ շպրտել, և այլն»։ «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Ռազմիկ Ռուշանյանն էլ կարծիք հայտնեց, թե դատարանը պարտավոր էր որոշում կայացնել։ «Դատարանը, փաստորեն, կատարել է քաղաքական հանձնարարություն,- ասաց նա՝ նշելով,- Քանի որ արդեն գալիս է ընտրությունների ժամանակը, եթե դատական պրոցես գնա, խանգարվելու է «Հայկական վերածնունդի»՝ ընտրություններին մասնակցելու գործընթացը, դատարանը մերժել է։ Ես այդպես եմ մտածում։ Դա արդեն քաղաքական որոշում է»։

Արմենուհի Ղարզարյանն էլ ասաց, որ տարիների ընթացքում առնչվել է դատարանների հետ, պարզապես որպես օրենքը հարգող մարդ՝ փորձել է անցնել բոլոր ատյանները, կանցնի դրանք՝ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունն օգտագործելու համար։

Հարցին՝ արդյո՞ք փորձում են հաշտության եզրեր գտնել, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք քաղաքական ուղի անցնելու։ Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, հստակ գաղափարախոսությունը, հսկայածավալ թիմը, որն ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս համալրվում է։ Ովքեր կիսում են այդ գաղափարախոսությունը, գաղափարները, պատրաստ ենք նրանց հետ ինչ-որ ճանապարհ անցնել»։ Արմենուհի Ղազարյանն էլ ասաց, որ իր հետ հաշտության վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել, եթե լինի, չի ընդունի, որովհետև տեսել է, թե ինչ է կատարվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս