
Ռուզաննա Մուրադյանը՝ ՀՀԿ կանանց միջև առկա վեճի և Կարինե Պողոսյանի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է խոսակցությունները ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կանանց մեջ երբեք վեճ չի եղել:
«Դա հորինված ապատեղեկատվություն է: Մեր համերաշխությունը միշտ կա: Եվ, առհասարակ, կարծում եմ, որ դուք մեր խմբակցության ներսում տեսնում եք այդ կուռ համախմբվածությունը»,- ասաց Մուրադյանը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին, նա ասաց, որ դեռևս մտորումների մեջ է և վերջնական որոշում չունի: «Այս պահին հստակ բան չեմ կարող ասել, դեռ քննարկումների փուլում եմ»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Նա անդրադարձավ նաև պատգամավոր Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշմանը՝ ասելով, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը. «Անկախ նրանից, թե մարդ ինչ որոշում է կայացնում, դա արժանի է հարգանքի»: