«Ապագան պատկանում է կանանց». Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։
«Մեզ անհրաժեշտ են ուժեղ կանայք, որոնք կարող են քայլ առաջ անել ու արտահայտել իրենց կարծիքը»,- կարծում է նա։
Քլինթոնը նաև ընդգծել է, որ հունվարին Վաշինգտոնում կայացած «Կանանց երթը» վկայում է այն մասին, որ մարդկության գեղեցիկ կեսին լուսավոր ապագա է սպասվում։
«Ապագան ունի կանացի դեմք։ Միայն նայեք անցած ամիս տեղի ունեցած երթի զարմանալի էներգիային։ Այն կազմակերպվել էր կանանց կողմից ու ոգևորել մեր երկրի ու ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց»,- ասել է Քլինթոնը։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Վաշինգտոնում կայացավ զանգվածային երթ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։