«ՀՀ իշխանություններն Իրանի հետ պետք է լավացնեն հարաբերությունները». Արմեն Վարդանյան
«ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցներ կլինեն Իրանի նկատմամբ, որոնք կանդրադառնան Հայաստանի վրա»,- «Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համար» խորագրով փորձագիտական քննարկման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության ազդեցությանը Հարավային Կովկասի և Հայաստանի խնդիրների վրա:
Փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խստագույնս քննադատեց Իրանի հետ միջուկային համաձայնությունը՝ բանակցությունները որակելով պատմության ամենավատ բանակցությունները: Հետագայում, փորձագետի դիտարկումներով, նա մեղմեց իր հռետորաբանությունը, ասել էր, թե կչեղարկի այդ համաձայնությունը, սակայն հետագայում հայտարարեց, որ կվերանայի այն: Այսինքն, նրա գնահատմամբ՝ ձնհալը, որը սկսվել էր ԱՄՆ-Իրան հարաբերություններում, գուցե վերանա:
«Ամենայն հավանականությամբ, երկկողմանի կվատթարանան հարաբերությունները, միջազգային պատժամիջոցներ չեն լինի, բայց ԱՄՆ-ը կկոշտացնի իր դիրքորոշումն Իրանի հանդեպ: ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցներ կլինեն, որոնք կանդրադառնան մեզ վրա»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Հաջորդ վտանգը Հայաստանի համար, նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սկիզբ առած ջերմացումն է: Ա. Վարդանյանը նշեց, որ բոլոր երկրների նկատմամբ կոշտ դիրքորոշում է ստանձնել Թրամփը, բացի Ռուսաստանից, ինչը չի բացառվում, որ «բացի Ռուսաստանի թևերը»: Բանախոսը հիշեցրեց, որ Ուկրաինայի արևելքում կտրուկ սրվել է իրավիճակը, ՌԴ-ն խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը ԵՏՄ երկրների նկատմամբ, բացի Բելառուսից:
«Հայաստանի մասով լուրջ ռիսկեր տեսնում եմ Ղարաբաղում: Թրամփն իր քարոզարշավի ժամանակ չի անդրադարձել Ղարաբաղին, դեռևս անհասկանալի է նրա այս քաղաքականությունը, հնարավոր է՝ ՌԴ-ն ապրիլի նման ևս մեկ պատերազմ հրահրի՝ հաշվի առնելով ՀՀ-ի և ԵՄ-ի կողմից ընթացող շրջանակային համաձայնագրի բանակցությունները:
Միգրացիոն խստացումը դրա հետ եմ կապում, դա Հայաստանին չպետք է սպառնար, բայց Հայաստանի համար ևս չեն փորձում բացառություն անել: ՀՀ իշխանություններն Իրանի հետ պետք է լավացնեն հարաբերությունները, Իրանը լրջորեն ԵՄ-ի հետ է զարգացնում իր հարաբերությունները, ՀՀ-ն կարող է կապող օղակ դառնալ՝ Սև ծովը Կասպից ծոցին միացնող կապող օղակը, բավականին զգույշ պետք է մնալ Ղարաբաղի հարցով, ՌԴ-ն այստեղ իր սադրիչ քաղաքականությունն է շարունակելու»,- ահազանգեց Արմեն Վարդանյանը: