Բաժիններ՝

ՌԱԿ-ի սփյուռքի ներկայացուցիչների ասուլիսին հանկարծակի եկավ Հակոբ Ավետիքյանը և ներկայացրեց իր պարզաբանումները

«Ռամկավար Ազատական կուսակցության» (ՌԱԿ) սփյուռքի կառույցի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ կառույցը շեղել է իր բարոյական կապերն աշխարհասփյուռ ՌԱԿ-ի հետ, փորձել է իրացնել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը:

ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Քարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանն ընթերցեցին իրենց կառույցի հայտարարությունը՝ նշելով, որ իրենք Հայաստանում չունեն կառույց, այսօրվա Հայաստանի ՌԱԿ-ը շեղված է իրենց ուղուց և այս պահին որևէ կապ չունի իրենց հետ:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) նախագահ Հակոբ Ավետիքյանի միանձնյա որոշումն է՝ մասնակցել ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով՝ Լ. Բլխեյանն այսպես պատասխանեց.

«Չէի ասի՝ միանձնյա որոշումն է, այստեղի ՌԱԿ-ի որոշումն է, որի հետ մենք կապ չունենք: Մենք, լինելով սփյուռքյան կառույցներ, մեզ չենք արտոնել, որ ներքին հայկական պետության մեջ փորձենք միջամտել կամ ազդել մարդկանց։ Սա իրենց կառույցի որոշումն է, ուղղակի չենք ուզում մեր անունից խոսեն: Երբ մենք եկանք անցյալ տարի, համագործակցության ձեռք մեկնեցինք Հակոբ Ավետիքյանին, այդ համագործակցությունը չիրականացավ ու վերջացավ։ Այս պահին Հայաստանում գործող ՌԱԿ-ը մեզ հետ կապ չունի, բայց ինչ-որ մի փուլում համագործակցել ենք։ Տարաձայնությունն այն եղավ, որ ՌԱԿ-ը հստակ ուղեգիծ ունի, իսկ այստեղի կառույցը շեղվեց այդ ուղեգծից, բայց պատճառը չգիտենք»։

Ասուլիսին հանկարծակի եկավ ՌԱԿ հայաստանյան կառույցի նախագահ Հակոբ Ավետիքյանը՝ հայտարարելով.

«Մենք ենք Հայաստանում ՌԱԿ-ը ներկայացնում: Պարոն Բլխեյան, Դուք ի՞նչ կառույց եք ներկայացնում»:

«Դու գիտես, Լիբանանի մեջ մեր կառույցում էիր»,- ի պատասխան՝ ասաց Լ. Բլխեյանը։
Հ. Ավետիքյանը հետաքրքրվեց՝ արդյոք ունե՞ն իրենց կառույցի գոյությունը վկայող փաստաթղթեր։

Ի պատասխան՝ Լ. Բլեխյանն ասաց, որ իրենք տարբեր երկրներում ունեն կառույցներ, սակայն շատ տեղերում այն արձանագրված չէ, քանի որ արևելյան երկրներում դա չեն թույլ տալիս, բայց ասաց, որ իրենք պատմություն ունեն։

Հ. Ավետիքյանը նշեց, որ 2004 թվականից գրանցվել է իրենց կուսակցությունը ու սկսել գործել, իսկ 2016 թվականի հոկտեմբերին իրենց կուսակցությունը համագումար է հրավիրել.

«ՀՀ արդարադատության նախարարությունում մեր կառույցն է վավերացված, ու միայն մենք կարող ենք որոշում կայացնել: Լիբանանի կառույցին էլ այնտեղի ընտրություններում մենք չենք կարող ասել՝ որ դաշինքով հանդես գան։ Հենց ՌԱԿ-ը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցում են, սկսեց հնչել, որ իրենք կողմ չեն, բայց իրենք իրավասություն չունեն։ Պարոն Բլեխյան, դուք 4-5 տարի է՝ Հայաստանում եք, եթե դուք մաս կազմեիք Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը, ապա դուք իրավունք կունենայիք մեր անունից նույնպես խոսելու։

Չեմ ուզում մեր ներկուսակցական խոհանոցը բացել, մենք երկար բանակցել ենք, հետո այդ բանակցությունները ձախողվել են։ Մի փոքր խմբակ իրեն հայտարարել է կուսակցության կենտրոնական վարչություն սփյուռքում, դուք ի՞նչ գործ ունեք դրա մեջ, եթե դուք Հայաստանում եք ապրում։ Մենք տեսնում ենք համապատասխան պետական կառույցների և իշխանությունների միջամտությունն այս հարցում: Իշխանությունների միջամտությունը կա այս ամենում, որպեսզի խանգարվի մեր հետագա ընթացքն ընտրություններում։ Ստացվում է, որ զանազան մարդիկ, ռամկավարներ մեր անունից են հանդես գալիս։ Սա դիսկրիմինացիա է մեր նկատմամբ»։

Հ. Ավետիքյանի՝ մամուլի ակումբը լքելուց հետո՝ ասուլիսի մասնակիցները պարզաբանեցին, որ իրենք ոչ թե ասում են, որ ՌԱԿ-ը պետք է մասնակցի կամ չմասնակցի, այլ, որ իրենց անունից հանդես չգան, չասեն, որ սփյուռքն էլ է կողմ դրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս