Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կքննի Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վճիռը
Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կքննի ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վճիռը, RIA Novosti-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Լյասկովան։
«Փետրվարի 7-ին՝ ժ. 10.00-ին հանրապետության Գերագույն դատարանը կստուգի Մինսկի քաղաքային դատարանի վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, որով վճռվել էր 2017թ. հունվարի 26-ին Բելառուսկի գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը»,- հայտնել է Լյասկովան։
Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 17-ին բավարարել էր Ադրբեջանի հայցը Լապշինի արտահանձնման վերաբերյալ։
Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ Բելառուսը հիմքեր չունի Լապշինին Ադրբեջան չարտահանձնելու համար։
Նրա խոսքով՝ Լապշինի ձերբակալությունը կատարվել է՝ համաձայն «Ինտերպոլի» որոշման։
Հիշեցնենք, որ օրեր սռաջ Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։