Ո՞ր դպրոցները կմիավորվեն. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետից երկու ամիս ժամանակ է խնդրել` դպրոցների վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները վերլուծելու եւ, ըստ այդմ, առաջարկություններ ներկայացնելու համար:
Կառավարության հունվարի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ էության, հայտարարել էր հանրակրթական ուսումնական հաստատությունները միավորելու հեռանկարի մասին: Նա անդրադարձել էր Արթիկի համար 7 դպրոցի խիստ անբարեկարգ վիճակին եւ այդ առիթով հանձնարարել ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին, ինչպես նաեւ առաջարկել էր Երեւանի քաղաքապետին` ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները: «Հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Արշակյանը մեր զրույցում նշեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է, տեղեկատվություն է հավաքագրվել քաղաքաներում գործող բոլոր դպրոցների շենքային պայմանների, նախագծային հզորության ու աշակերտների թվի վերաբերյալ: Իսկ քննարկումները դեռեւս շարունակվում են: Առկա տվյալները պետք է վերլուծել` համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար:
«Բայց կոնկրետ որ դպրոցը որ դպրոցի հետ կմիավորվի, դեռ նման որոշում չի կայացվել: Վարչապետից խնդրել ենք եւս երկու ամիս ժամանակ, ու այս պահին աշխատանքային խումբ է ստեղծվել` ներգրավելով նաեւ բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ, համակողմանի լուծում տալ այդ հարցին: Շատ նուրբ հարց է, պետք է այնպես արվի, որ դա բխի բացառապես երեխայի շահերից»,- ասաց Աշոտ Արշակյանը:
Հետաքրքրվեցինք, թե որն է աշխատանքային խմբի ելման կետը. այս կամ այն դպրոցները միավորելու առաջարկ կներկայացվի միայն այն դեպքում, երբ շենքային պայմաննե՞րն են անմխիթար, թե նաեւ աշակերտների փոքր քանակը կարող է հանգեցնել նման որոշման` անկախ տվյալ դպրոցի բարեկարգ լինելուց:
«Ինչպես ասացի` աշխատանքային խմբում ներգրավել ենք բոլոր շահագրգիռ գերատեսչություններին` մասնագետներ տարածքային կառավարման նախարությունից, մարզպետարաններից, Երեւանի քաղաքապետարանից, կրթության եւ գիտության նախարարությունից, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին իր կարծիքը ներկայացնի: Այսինքն` ես այս պահին չեմ կարող ասել, որ ընտրվել է ինչ-որ ելման կետ»,- պատասխանեց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: