Ընտրացուցակների ներկայացման ժամկետը մեկնարկել է. Մնաց 9 օր

Փետրվարի 6-ին սկսվել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, որն ավարտվելու է փետրվարի 16-ին։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին ԿԸՀ-ից «168 Ժամին» հայտնեցին, որ որևէ կուսակցություն կամ դաշինք գրանցման համար փաստաթղթերը դեռևս չի ներկայացրել։

Մեզ հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ընտրացուցակների կազմման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նրա` ՀԱԿ-ը փորձելու է հնարավորինս մեծ ցուցակ ներկայացնել, քանի որ, օրինակ, ռեյտինգային ընտրակարգի դեպքում նույն ընտրատեղամասում ՀԱԿ-ի թեկնածուները ոչ թե միմյանց դեմ են պայքարելու, այլ լինելու է թիմային աշխատանք, և բոլորի հավաքած ձայները հաշվվելու են` որպես ՀԱԿ կուսակցության ստացած քվեներ։ ՀԱԿ ընտրացուցակի առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով։ «Մեր դաշինքը բաց է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք կհամաձայնեն առաջ գնալ մեր կողմից առաջ քաշված խաղաղության ծրագրով` կապված ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ։ Մենք այդ մասին հայտարարել ենք մեր համագումարի ժամանակ, և այստեղ մեխը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը, որը հստակ է»,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը ճանաչված և ընդունված է, ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է լռություն պահպանել։ Կուսակցության համագումարը կայանալու է փետրվարի 10-ին, որի ժամանակ էլ, ինչպես սպասվում է, Ծառուկյանը կրկին պաշտոնապես կստանձնի ԲՀԿ-ի ղեկը, ու կհրապարակվի դաշինքի կազմը։ Թե ո՞վ, ի վերջո, կլինի Ծառուկյանի խոստացած լայն կոնսոլիդացիայում, կարելի է կռահել միայն առանձին ուժերի հայտարարություններից։ Անգամ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը, ով մոտ 2 տարի առաջ քաղաքականությունից Գ. Ծառուկյանի հեռանալուց հետո ընդվզել էր Նաիրա Զոհրաբյանի դեմ, այժմ համբերատար իր ճակատագրի որոշմանն է սպասում համագումարի ժամանակ։ «Մի’ շտապեք, համագումարից հետո բոլոր հարցերի պատասխանը կստանաք»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է Մանուկյանը։

Լայն կոնսոլիդացված ցուցակ է խոստանում նաև «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Այսօր կայանալու է կուսակցության վարչության նիստ, որից հետո կխոսեն պաշտոնական մոտեցումների վերաբերյալ.

«Մեր մոտ շատ թափանցիկ կլինի ամեն ինչ, ինքներդ ականատես կլինեք, թե ինչպես է ձևավորվում, ով, որտեղ, ինչպես կառաջադրվի ռեյտինգայինով, ով` համամասնականով։ Ցուցակի շուրջ քննարկումներ լինում են ամեն պահի, հստակ կարող եմ ասել, որ ոչ ուշ, քան 1-2 օրվա ընթացքում վերջնական որոշումը կլինի»,- ասել է Քոքոբելյանը` հավաստիացնելով, որ «Ժառանգության» նախկին անդամներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերվել, և նրանք մասնակիցն են ամբողջ գործընթացի։ Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ միության մասին մեր հարցին Քոքոբելյանը խուսափեց պատասխանել։ Գործընկերոջ անունը լսելուն պես նա հեռացավ` առանց որևէ պարզաբանում տալու, թե ինչպե՞ս են միավորվում, և, եթե դաշինք չի լինելու, ընդհանուր ցուցակն ինչպե՞ս են կազմում և ո՞ր կուսակցության անունով է այն լինելու. «Խոստանում եմ` վարչության նիստից հետո շատ կխոսեմ»։

ՀՅԴ-ում ևս ընտրացուցակները դեռ վերջնական տեսքի չեն բերվել։ «Դեռ ցուցակներ չկան, ամեն ինչ քննարկումների փուլում է»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արա Նռանյանը` անգամ դժվարանալով որևէ բան ասել ընտրություններին հենց իր մասնակցության վերաբերյալ։

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքով` ընտրացուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է. «Ամսի 11-ին կլինի մեր համագումարը, օրենքով սահմանված շրջանակներում կներկայացնենք, նորմալ գործընթաց է տեղի ունենում։ Համագումարը նախընտրական է, և կներկայացվեն շատ բաներ` նաև մոտեցումների, ցուցակների, ռազմավարության հետ կապված»։

Ցուցակում թեկնածուների թիվ Շահգելդյանը դժվարացավ նշել, բայց հավաստիացրեց, թե այն մեծ է լինելու, քանի որ «Հայկական վերածնունդը» խոշոր կուսակցություն է, մեծ քանակով անդամներ ունի, նաև այսօր ավելանում է, որովհետև ընդգրկումը, անդամակցությունը կուսակցություն և շարքերի համալրումը լայն թափ է ստացել. «ՏԻՄ ընտություններում «Հայկական վերածնունդը» լայն մասնակցություն ցուցաբերեց, միտումը շարունակվելու է, և այդպես էլ լինելու է»։

ՀՀԿ-ում նույնպես դեռ քննարկվում է ընտրացուցակների հարցը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` իրենք սահմանված ժամկետները չեն խախտի, իսկ ցուցակում կլինի ամենաշատը 300 հոգի։ Նա չբացահայտեց, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, ինչպես նաև, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը։ Մեր հարցին` ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ ցուցակը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակը կլինի ավելի քաղաքականացված, մենք բավականին լուրջ մոտեցում ենք ցուցաբերում, յուրաքանչյուր անձի շուրջ կազմակերպում ենք քննարկումներ, որ, ի նկատի ունենալով, որ այս նոր խորհրդարանական համակարգի հետ հաշվի նստեն բոլոր քվեարկվողները, որ այն պետք է լինի բավականին լուրջ և աշխատատար»։

Չնայած դրան, ըստ Բաղդասարյանի, գեներալներն ու օլիգարխները չեն մեկուսացվի, բայց պետք է նկատի ունենան նրանց հնարավորությունները և կարողությունները` պատգամավորական աշխատանքով զբաղվելու։

Տեսանյութեր

Լրահոս