ՍԴ դիմելու ՀԱԿ-ի ստորագրահավաքին դեռևս միացել է 14 պատգամավոր

Ընտրությունների օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին մինչ այս պահը միացել է 14 պատգամավոր: Ինչպես քիչ առաջ ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդհանուր առմամբ հարկավոր է 27 ստորագրություն:

Փաստաթուղթն արդեն ստորագրել են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և Թևան Պողոսյանը:

«Ստորագրությունները քիչ են, բայց այս պահին դահլիճում արդեն մարդ չկա: Կան խոստումներ, կարծում եմ, վաղն առավոտյան իրենք կմիանան»,- ասաց Ա.Մանուկյանը:

Նա ուշադրություն հրավիրեց, որ սա արտահերթ նստաշրջան հրավիրելու 24-ժամյա ռեժիմի հետ կապ չունի և սրա համար ժամկետ չկա, այնպես որ, եթե ցանկացողներ կան, կարող են միանալ նաև 24 ժամից հետո: Ըստ ԱԺ կանոնակարգի` 27 ստորագրությունը լրանալուց հետո փաստաթուղթը տրվում է ԱԺ նախագահին` ՍԴ ներկայացնելու համար:

«Խիստ հստակ է, որ կա սահմանադրական վեճ, կա կազուս, կա հակասություն»,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ եթե օրը չի փոփոխվում, ընտրությունների օրինականությունը կասկած է առաջացնելու:

Տեսանյութեր

Լրահոս