
13-ամյա Եղիսե Հակոբյանի լուսավոր ստեղծագործությունները

Օրերս LOFT կենտրոնում ցուցադրվեցին 13-ամյա Եղիսե Հակոբյանի աշխատանքները։
Վերջինս վաղ տարիքից սկսել է նկարել՝ առանց ուսուցչի միջամտության, և այսօր ցանկանում է ներկայացնել իր գործերը մեզ՝ շարունակելու առավել ոգեշնչված ստեղծագործել։ Նա առաջին անգամ ցուցադրվել է 12 տարեկանում։ Ունեցել է երկու անհատական ցուցահանդես: Թե ինչպե՞ս է Եղիսեն ընտրում իր նկարների գույները, ինչո՞ւ է ընտրում այս կամ այն կերպարը և ինչո՞ւ է հենց նրանց դարձնում իր նկարների հերոս, այս հարցերի պատասխանը մենք փորձեցինք պարզել՝ գտնվելով Եղիսեի՝ «Նկարված ուղերձներ» խորագիրը կրող ցուցահանդեսին:
Աստվածաշնչյան անունը կրող Եղիսեի հերոսներն, ասես, յուրօրինակ անիմացիոն հետաքրքիր կերպաներ լինեն՝ վառ գույներ, մեծ աչքեր, խոշոր դեմքեր և պարտադիր մորուս՝ անգամ ինքնադիմանկարում: Եվ ամեն նկարի մեջ մեծ՝ ուղղակի անսահման սեր, որն իրեն անմնացորդ նվիրված մորից է կլանել:
Մենք զրուցեցինք Եղիսեի մոր՝ Նելի Եղոյանի հետ, ով մեզ պատմեց, որ որդու դպրոցական պայուսակում, գրքերի հետ մեկտեղ, պարտադիր մեծ քանակությամբ A 4 տեսակի թղթեր է դնում՝ առաջին դասարանից ի վեր: Նա անընդհատ նկարում է, շարունակ ստեղծագործական փուլում է:
«Եղիսեն նկարում է միայն տղամարդկանց դիմանկարներ, այն մարդկանց, որոնց մեջ նա լուսավոր և հետաքրքիր մի բան է տեսնում: Նա սիրում է նկարել մեր մեծերին՝ Արամ Խաչատրյան, Շիրազ, Առնո Բաբաջանյան… Հետաքրքիրն այն է, որ նա Արամ Խաչատրյանին ներկայացնում է՝ որպես զորավար: Շատ է սիրում լսել Արամ Խաչատրյան: Սիրում է նկարել Աստվածաշնչյան կերպարներ»,- նշում է Եղիսեի մայրը:
Ի դեպ, փոքրիկ նկարիչը նաև ժամանակակիցներին է պատկերում՝ Արամ mp 3-ին: Եվ ում էլ որ պատկերի Եղիսեն, ամենակարևորն այն է, որ վաղ հասակից արդեն իսկ ունի ձևավորված ձեռագիր:
Քրիստինե Մարտիրոսյան