«Որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը». Արամ Մանուկյանը՝ Արա Նռանյանին
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի՝ 2017 թվականի ծրագիրը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Ասույթ կա Ազգային ժողովում, որը ֆիլմից է գալիս՝ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը։ Ինչո՞ւ ծրագիրը չի ներկայացնում Իշխան Զաքարյանը։ Կարո՞ղ եք Սահմանադրությամբ հիմնավորել, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»։
Ի պատասխան՝ Ա. Նռանյանն ասաց, որ Ի. Զաքարյանը գտվում է արձակուրդում և հիմա զբաղված է նախընտրական գործընթացներով. «Ինչ վերաբերում է դրա իրավասությանը, կարծում եմ՝ օրենքի մեկնաբանությունը չի հանդիսանում մեր Վերահսկիչ պալատի իրավասություններում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել այն պետական մարմիններին, որոնք կարող են տալ նման մեկնաբանություն»։
«Ամեն անգամ մի պատճառաբանություն եղել է, երբ Իշխան Զաքարյանն ամբիոնին չի մոտեցել, այս անգամ էլ մի բան գտաք, ո՛չ օրենքի, ո՛չ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ամեն անգամ պետք է ասեք՝ մի անգամ տատիկս էր հիվանդ, մյուս դեպքում՝ հարևանը հարցով դիմեց, մեկ այլ դեպքում՝ ավտոբուսից ուշացավ, հետո՞, չէ՞ որ սա Ազգային ժողով է։ Ներկայացնում եք և՛ ծրագրերը, և՛ հաշվետվությունները՝ առանց առաջին դեմքով, պարզ է՝ ինչով եք զբաղված, և պատասխանը, թե որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը, բոլորն էլ գիտեն»,- արձագանքեց Ա. Մանուկյանը։