Վահրամ Բաղդասարյանը հորդորում է «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել

«Եթե քաղաքական ուժերը գան համաձայնության, մենք կարող ենք ընտրությունների օրը փոխել: Իսկ Սահմանադրության հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, դա թող տան սահմանադրագետները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, Վ.Բաղդասարյանը նշեց, որ դա նրանց իրավունքն է. «Ցանկացած դեպքում կարող են դիմել, բայց իմ կարծիքով՝ դա նախընտրական շոու է: Եթե պայմանավորվել ենք, որ կարող են բոլոր ուժերով որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում՝ ստորագրություն հավաքել, որ մամուլում ավելի հետաքրքիր տողե՞ր գրվի»:

Դիտարկմանը, թե արդեն սկսվել է ցուցակների ներկայացման փուլը, արդյոք ժամկետային առումով խնդիր չի՞ լինի ընտրության օրը տեղափոխելու դեպքում, Վ.Բաղդասարյանը նշեց, որ դա կարող է ԿԸՀ-ն ասել:

Ապրիլի 2-ի օրվա կապակցությամբ Բաղդասարյանը հորդորեց «լացակումած ազգի կերպարով» չներկայացնել, քանի որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օրացուցային օր կարող է մի ողբերգական պատմություն լինել, բայց այս քաղաքական օրերը պետք չի կապել դրա հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս