Նիկոլ Փաշինյանի օրինագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ. Դեմ էր միայն ՀՀԿ-ն
Այսօր Ազգային ժողովի օրակարգ չընդգկվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Ձայների 39 կողմ, 56 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ այն մերժվեց։
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք են ապօրինի հարստացման կրիմինալիզացիայի գաղափարով հանդես եկել, ու ՀԱԿ-ը միշտ դրա կողմնակիցն է եղել. «Մենք գտնում ենք՝ այն, ինչ արվել է, բավարար չէ, և պետք է հետադարձ ուժ ունենա այդ ամենը, ու այդ ուսումնասիրությունները սկսվեն 1991 թվականից ի վեր։ Լևոն Տեր-Պետրոսյանը, մնացած մեր կուսակցության այն անդամները, որ իշխանության են եղել, բոլորս առաջինն ենք շահագրգռված, որ հենց 1991 թվականից ուսումնասիրություններ արվեն։ Մենք պատրաստ ենք անցնել այդ թեստը»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իրենք էլ են կողմ այդ նախագծին. «25 տարի շարունակ այս ամբիոնից, այլ ամբիոններից անընդհատ խոսվում է՝ երկիրը թալանել են, քանի միլիարդ է հանվել դուրս, հիմա ի՞նչն է խանգարում, որ տանք մեր համաձայնությունը, ստեղծվի հանձնաժողով, պարզվի ճշմարտությունը»։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ կողմ արտահայտվեց օրենքի նախագծին. «Երիտասարդ սերնդի կողմից շատ հաճախ լսում եմ մեղադրանք, որ, «եթե նախկին է, եկեք գործ չունենանք», ընդհակառակը, կարծում եմ՝ ազնիվ են այն մարդիկ, որոնք ամեն դեպքում ազնիվ են մնացել և ապացուցել են, որ կարող են լինել իշխանությունում և լինել ազնիվ։ Ես կողմ եմ այս օրենքին, բայց պահանջում եմ, որ լինի շարունակություն՝ գնան մինչև լյուստրացիայի մասին օրենքի»։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու, բայց իրենց համար անհասկանալի է, թե այս 1-1.5 ամսվա ընթացքում ի՞նչ է հասցնելու անել այդ հանձնաժողովը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ԱԺ որոշումները, օրենքները չեն սահմանափակվում ԱԺ-ի տվյալ գումարման աշխատանքներով։ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու, բայց ուզում են, որ օրինագիծը հետադարձ ուժ ունենա։
Միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեմ են քվեարկելու. «Մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում անընդհատ բարելավվում են այս ոլորտում աշխատանքները։ Սա նախընտրական քայլ կարելի է դիտարկել, մենք չենք ուզում ձևական որևէ բնույթի հետևից ընկնել։ Խորհուրդ եմ տալիս՝ սա թողնենք հաջորդ Ազգային ժողովին, որպեսզի անդրադառնանք այս խնդրին։ ՀՀԿ-ն դեմ է նման ձևական երևույթներին, ու մենք դեմ ենք քվեարկելու»։