«Մենք կվերականգնենք ԽՍՀՄ-ի նախկին սահմանները՝ չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան». Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Царьград» հեռուստաալիքին, որտեղ նկարագրել է ապագա աշխարհակարգի վերաբերյալ իր տեսլականը, որը ձեռք է բերվելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության շնորհիվ։
Լրագրող Զախար Պրիլեպինի «Чай с Захаром» հաղորդման շրջանակում խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Ժիրինովսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ի սահմանները՝ Ռուսաստանի նախագահությամբ՝ հավելելով, թե բոլոր պետությունները «երազում են վերադառնալ»։
«Հենց որ Ամերիկան նրանց թողնի իր ազդեցությունից դուրս, նրանք կխնդրեն։ Ի՞նչ ցույցեր։ Նրանք երազում են վերադառնալ։ Այնտեղ մեծ շերտավորում կա՝ հարուստների, աղքատների։ Խորհրդային Միության ժամանակ նրանք լավ էին ապրում։ Մենք մեծ առավելություն ունենք՝ խորհրդային կոմունիստները նրանց կերակրում էին և նրանք հիշում են, որ լավ են ապրել 25 տարի առաջ։ Այնտեղ աղքատություն չկար, հիմա համատարած աղքատություն է։ Մենք պարզապես կվերականգնենք սահմանները, մանավանդ որ դրանք անօրինական կերպով են խախտվել»,- հայտարարել է Ժիրինովսկին հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ոչ ոքի չենք կերակրի, մենք նրանք կամավոր կերպով կվերցնենք։ Նրանք պարզապես կունենան անվտանգության երաշխիքներ։ Մարդկանց կյանքում անվտանգություն կառաջանա»,- հայտարարել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ իրերի նման դասավորության դեպքում կլուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Ահա Ղարաբաղը, երբեք նրանք չեն լուծի Ղարաբաղի խնդիրը։ Կլինի Հայաստան-Ադրբեջան հավերժական պատերազմ»,- հայտարարում է քաղաքական գործիչը։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչև «մենք նրանք չվերցնենք», Ժիրինովսկին հավելում է, թե հենց «վերցնենք, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ոչ Ադրբեջան։ Կա Բաքվի նահանգ և Երևանի նահանգ, Թիֆլիսի նահանգ, Քութայիսի նահանգ, ինչպես ցարի ժամանակ։ Ահա և վերջ։
Անվտանգությունը՝ կա, կյանքի բարելավում՝ կա, հեռանկարներ՝ կան։ Իսկ մշակո՞ւյթ։ Ստեղծեք։ Ամեն ինչ ռուսերենով կլինի։ Բոլորը կմոռանան իրենց գրողներին և ամեն ինչ»,- հայտարարել է նա։
ԽՍՀՄ-ի վերականգնման մասին՝ դիտել տեսանյութի 5.48 րոպեից, Ղարաբաղի մասին՝ 15.00 րոպեից։
https://www.youtube.com/watch?v=p6ttuHJCIoM