
«Մոուրինիոն շրջեց «Լեսթերի» հետ խաղի ընթացքը՝ փոխելով Մխիթարյանի դիրքը». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը կիսվել է ԱՊԼ-ում «Լեսթերի» հետ անցկացրած խաղի տպավորություններով: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ մանկունյանցիների: Նևիլը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքը:
«Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց խաղը 4-4-2 սխեմայով, որը թիմին հարմար չէր: Մանկունյանցիների մոտ ուղղակի չէր ստացվում կապել կիսապաշտպանությունը և հարձակումը 1 ամբողջականության մեջ: Բայց հետո Մոուրինիոն շրջեց «Լեսթերի» հետ խաղի ընթացքը. նա տեղափոխեց Հենրիխ Մխիթարյանին 10 համարի դիրք, և դա ամեն ինչ փոխեց: Հենրիխը դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստը, իսկ նրա գոլը եղավ առանցքային:
Մոուրինիոն շատ արհեստավարժ թեթևացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրը՝ գնալով այդ քայլին: Ժոզեն ընդհանրապես շատ ակտիվ մարզիչ է: Եթե թիմի մոտ ինչ-որ բան չի ստացվում, նա մեկը մյուսի հետևից կփոխարինի ֆուտբոլիստներին կամ կփոխի խաղի սխեման»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը