Հրապարակվելու է քառօրյա պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի բանաստեղծությունների ժողովածուն
Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի երազանքը կյանքի է կոչվում. 2017 թվականին կհրատարակվի նրա բանաստեղծությունների ժողովածուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:
«Արդեն հաստատված է, որ պետական աջակցությամբ լույս է տեսնելու ժողովածուն: Այն, հավանաբար, արդեն ամռանը, միգուցե ավելի շուտ պատրաստ կլինի: Հրատարակվելու է 200 օրինակով»,-ասաց Շանթ Մկրտչյանը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում հերոսի ծնողները պատմել էին, որ Բագրատը շատ էր սիրում ստեղծագործել, ուներ մի շարք բանաստեղծություններ: Գրում էր ամեն ինչի մասին՝ «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ», «Ափսոսանք» եւ բազում նման վերնագրերով: Ծնողները դիմել էին եւ՛ Մշակույթի նախարարություն, եւ՛ Գրողների միություն այն հույսով, որ որդու բանաստեղծությունները կհրատարակվեն եւ հասանելի կլինեն ընթերցողներին: Դա Բագրատի միակ երազանքն էր:
Բագրատ Ալեքսանյանը հերոսական պայքար էր մղել Ջրականում (Ջաբրայիլ) եւ նահատակվել հերոս ընկերների հետ միասին:
Սյուզի Մուրադյան