«Պատրաստ եմ այդ ցուցակում առաջինների մեջ չլինել». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետութեան սիրելի քաղաքացիներ, այդ թւում գաղափարակիցներ ու աջակիցներ, նաեւ մարդիկ, ովքեր օգնել են, աջակցել են ինձ իմ երկարատեւ ազգային-քաղաքական գործունէութեան ընթացքում։

Ես այս ոլորտում եմ աւելի քան կէս դար եւ շատ երեւոյթներ գնահատում եմ ոչ միայն դասագրքային օրինակներով, այլեւ իմ անցած ճանապարհին տեսածներովս։Մենք հենց սկզբից ասել էինք, որ այս «ընտրութիւններին» մասնակցելու ենք միայն դաշինքով, զի առանց դրա խեղկատակութեան մասնակից ենք լինելու միայն։

Մենք ձգտում էինք եւ ձգտում ենք լայն դաշինքի ձեւաւորման եւ այդ ուղղութեամբ կայ առաջընթաց, սակայն այս ամենն ուղեկցւում է նաեւ դժուարութիւններով՝ մասնաւորապէս, ցուցակների առիթով լուրջ խնդիրներով։ Ես կեանք տեսած մարդ եմ եւ բանտ եմ տեսել, եւ «մանդատ», եւ արտաքսում, եւ արեւմուտքում փառահեղ հնարաւորութիւններ եւ Գորիսի պարետի ծանր բեռը եւ մահափորձեր եւ պետական մակարդակով կազմակերպուած զրպարտարշաւ։

Հիմա կրկին իմ վրա ծանրացել է ընդհանուր գործը հեշտացնելու առաքելութիւնը։ Միակ բանը որ կարող էի, ինչպէս 96-ին եմ արել, զիջել ու նաեւ այդ կերպ օրինակ ծառայել։

Դա անսպասելի ու անընդունելի է ԱԻՄ-ականների համար, անցանկալի նաեւ ձեզ համար, սակայն ես այսօր մեր դաշինքի համակարգողին եւ երկու կուսակցապետերի (երեքից երկուսին) ասացի, որ պատրաստ եմ այդ ցուցակում առաջինների մէջ չլինել․ միայն թէ գործը շահի եւ առաջ գնանք։ Չէ՞ որ մենք գնում ենք «ժողովրդի վստահութեան քուէն» ստանալով երկիրն արմատապէս բարեփոխելու եւ ոչ թէ՝ մի կերպ «մանդատ ստանալու» համար»։

Տեսանյութեր

Լրահոս