30 կանոն լավ մայր լինելու համար
Հաստատում ենք ամուր հոգեբանական կապ մեր երեխայի հետ
Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել լավ տնային տնտեսուհի, լավ կին և ամենակարևորը` Լավ Մայր։ Սակայն ամենօրյա թոհուբոհի մեջ մենք մոռանում ենք հասարակ երևույթների մասին, որոնք կնոջը դարձնում են Մայր։ Մենք մոռանում ենք երեխային ասել, որ սիրում ենք իրեն, մոռանում ենք գրկել նրան։ Չէ՞ որ թանկարժեք դաստիարակները, մասնավոր դպրոցները և արժեքավոր նյութական իրերը, որոնց մասին մենք շատ հաճախ մտահոգվում ենք, այն չէ, ինչը կսերտացնի մեր և երեխայի միջև կապը։ Հաճախ անհրաժեշտ է ուղղակիորեն ցրվել այդ ծանր ուսուցողական կերպարից և լինել երեխայի կողքին` ուղղակի որպես սիրող և հոգատար մայր։
Ներկայացնեմ Լավ Մայրիկ լինելու ամենօրյա 30 կանոն.
1. Երեխային հաճախակի ասեք, որ սիրում եք իրեն. այս խոսքերը երբեք ավելորդ չեն լինում։
2. Երեխային ցույց տվեք, որ գրկախառնությունը նրա հետ շատ կարևոր է Ձեզ համար, և ի զորու է օգնել ձեզ, երբ Դուք գտնվում եք որոշակի խնդիրների մեջ։ Խնդրեք նրան դժվար պահերին գրկել Ձեզ։
3. Ճաշելով երեխայի հետ` անպայման հարցրեք` ինչպես է անցել նրա օրը։ Թող թվարկի օրվա դրական պահերը։
4. Շատ կարևոր է երեխային հաճախակի գովել այլ մարդկանց ներկայությամբ։ Երեխաների համար այդ պահերն արժեքավոր են։
5. Անհրաժեշտ է երեխայի հասցեին հնչեցնել հաճոյախոսություններ, և դրան զուգահեռ` նրան սովորեցնել հաճոյախոսել դիմացինին։
6. Յուրաքանչյուր հնարավորության դեպքում գրկեք և համբուրեք նրան։
7. Սովորեցրեք երեխային ծիծաղել։ Նույնիսկ` ինքն իր վրա։ Հաճախ ծիծաղն օգնում է հաղթահարել դժվարին խոչընդոտները։
8. Երեխային պետք է սովորեցնել ինքն իրեն չվերաբերվել շատ լուրջ, քանի որ բոլորն են սխալական, սակայն ոչ բոլորն են կարողանում սեփական սխալին հումորով վերաբերվել։ Իսկ դա շատ կարևոր է կյանքում` հասուն լինելու համար։
9. Հաճախակի երեխային ասեք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»։ Այդպես մենք նրան սովորեցնում ենք լինել շնորհակալ։
10. Պետք է կարողանալ ներել ամեն ինչ։ Եվ դա միայն չի վերաբերում երեխային։ Անհրաժեշտ է բացատրել երեխային, որ ջղայնությունը ներսից քայքայում է նրան, ով ջղայնանում է։
11. Առանձնացրեք մեկ օր` միասին անցկացնելու համար։
12. Երբեք չի կարելի երեխային արգելել լինել ինքնատիպ, նույնիսկ, եթե նրա հուզականությունը և հակազդումը չեն համապատասխանում Ձեր բարոյական արժեքներին։
13. Երեխայի առավոտը պետք է ուղեկցվի Ձեր ժպիտով և համբույրով` բացառելով շտապողականությունը և բղավոցները, թե` «մենք ուշանում ենք»։
14. Այն ամենին, ինչ ցանկանում է պատմել երեխան, պետք է վերաբերվել` որպես ամենակարևոր խոսակցության։
15. Երեխային անպայման պետք է հարցնել, թե ինչ է նա մտածում ընտանիքի մասին. պետք է կարևորել նաև նրա կարծիքը։
16. Պետք չէ վախենալ` վստահել երեխային ամենադժվար աշխատանքը։ Նույնիսկ, եթե սխալվեն, կհասկանան դրա արժեքը, ինչն անպայմանորեն պետք կգա կյանքում։
17. Երեխայից կարելի է և անհրաժեշտ է օգնություն խնդրել։
18. Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները։ Դա երեխային կսովորեցնի սեփական վրիպումները թեթև ընկալել։ Նա կհասկանա, որ միայնակ չէ սխալներ իրականացնելիս։
19. Յուրաքանչյուր մանրուք պետք է կարևորել` թե’ մանկապարտեզի ընկերոջ, թե՛ խաղալիքի անունը։
20. Երեխայի համար հորինեք իրեն հաճելի մականուն, որը կարտահայտի քնքշություն և սեր։
21. Հաճախ հեքիաթի փոխարեն երեխային պատմեք Ձեր կյանքի պատմության որոշակի դրվագ։ Այդ ամենը Ձեր և երեխայի միջև ամուր կապ կհաստատի, ինչպես նաև ընտանիքի միջև։
22. Ժամանակ առ ժամանակ միացրեք որևէ երաժշտություն և միասին պարեք։ Այդպիսի պահերն ամենաարժեքավորն են։
23. Ինչ-որ պահի երեխային պետք է թույլ տալ լինել չարաճճի` թափթփել սեփական հագուստը կամ թույլ տալ ինքն իրեն գունավորել ներկերով։ Այդ ամենը կարող եք հետո հավաքել և մաքրել, սակայն երեխայի ուրախությունը մնայուն է։
24. Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
25. Սխալ լինելու դեպքում միշտ պետք է ներողություն խնդրել երեխայից։
26. Երեխային պետք է ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռել։
27. Եթե երեխային ինչ-որ բան եք խոստացել` անպայման կատարեք։ Հակառակ դեպքում` խուսափեք խոստումներից։
28. Երբ երեխաները երգում են` պետք է ձայնակցել նրանց։
29. Շատ կարևոր է` չմոռանալ անընդհատ երեխային հիշեցնել, որ նրա հայրն աշխարհի ամենահոգատար և լավ հայրն է։
30. Պետք է փայփայել և պահել երեխայի կողմից ստացված յուրաքանչյուր նվեր, նրա ձեռքի աշխատանքները։ Դա մեծ նշանակություն ունի վերջինիս համար։
հոգեբան