Պետական գնումների գործընթացում ներդրվում է շահերի հայտարարագրման գործիքը
Պետական գնումների գործընթացում ներդրվում է շահերի հայտարարագրման գործիքը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում: Ինչպես այսօր պետական գնումների մասին GIZ-ի աջակցությամբ կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գնման մրցույթին մասնակիցն այլևս պարտադիր կերպով պետք է ազգակցական կապերը, փոխկապակցվածությունը հայտարարագրի:
«Ընկերությունից պետք է պահանջենք, որ իր հայտի հետ ներկայացնի փոխկապակցվածությունը: Գնումների մասին օրենքով այդ հիմքերը ստեղծել ենք»,- ասաց Վ.Արամյանը:
Որևէ պաշտոնյայի հետ փոխկապակցվածությունը հայտարարագրելու դեպքում, ըստ նրա, գործընթացը կստացվի թափանցիկ: Նա նշեց, որ այդ դեպքում փոխկապակցված ընկերությունը կարող է մասնակցել մրցույթին, սակայն գնահատող հանձնաժողովում նրա հետ փոխկապակցված պաշտոնյան իրավունք չունի մասնակցել նրա հայտի գնահատմանը. «Այդ փոխկապակցված ընկերությունը կարող է հաղթել, բայց ստեղծվում են օրինական հենքեր՝ այդ ընկերության հետ փոխկապակցված չինովնիկներին բացահայտելու: Բայց եթե նա ամենալավ գինն է առաջարկում, ինչո՞ւ ոչ»:
Վ.Արամյանը չհամաձայնեց, որ չի օրինականացվում այն, ինչ նախկինում գաղտնի էր արվում, սակայն այս հայտարարագրման արդյունքում կոռուպցիոն ռիսկերն են նվազում:
Նախարարը նշեց, որ, եթե պարզվում է, որ թաքցվել է փոխկապակցվածությունը, տվյալ ընկերության հետ պայմանագիրը լուծվում է, ընկերությունը հայտնվում է «սև ցուցակում» և 2 տարի զրկվում է պետական գնումներին մասնակցելու իրավունքից: