
Արցախի ՄԻՊ-ն այցելել է գերեվարված ադրբեջանցուն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։
Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը: