ԵԿՄ համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին
ԵԿՄ հերթական 11-րդ համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում են ԵԿՄ-ից:
«Կազմկոմիտեի ներկայացրած առաջարկը հաստատվեց այսօր կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում:
Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:
Համագումարը կընդունի բանաձեւ, որով դիրքորոշում կարտահայտի մեր երկրում առկա բոլոր կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:
Կընտրվի նաեւ վարչություն, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում. նորընտիր վարչության անդրանիկ նիստի օրակարգում մեկ հարց է՝ վարչության նախագահի ընտրություն:
ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը հավանության է արժանացրել նաեւ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների ծրագիրը:
Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մանրամասնում է, թե կոնկրետ ինչ խնդիրների վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտի ԵԿՄ 11-րդ համագումարը»: