Արարատ Խանդոյանին կալանավորելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշումները կբողոքարկվեն ՄԻԵԴ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Միայնակ գայլ անունով հայտնի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, կալանավորելու և կալանքի ժամկետը երկարացնելու որշումները կբողոքարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Նա հայտնեց, որ բողոքների պատրաստումը գրեթե ավարտին է հասնում. «Մեծ հույսեր ունեմ Եվրոպական դատարանից, որ կճանաչվի կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումը՝ ապօրինի կալանավորում»։

Նա նշեց, որ հունվարի 26-ին Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ներքին կանոնները խախտելու համար տեղափոխվել էր պատժախուց, որի պատուհանները կոտրված էին։ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թե՛ պետը, թե՛ աշխատակիցները, թե՛ Քրեակատարողական վարչությունն ու Արդարադատության նախարարությունը տեղյակ էին նրա առողջական խնդիրների մասին։

Ինչպես գիտեք, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ընթացքում Արարատ Խանդոյանը ստացել է մի շարք հրազենային վնասվածքներ, հիմա էլ նրա առողջական վիճակը վատ է,  նա գտնվում է բուժման կուրսի մեջ։ Սա առաջին դեպքը չէ, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ նմանատիպ վատ վերաբերմունք է դրսևորվում։ Ինչպես գիտեք, երկու ամիս առաջ Արարատ Խանդոյանին կրկին տեղափոխել էին պատժախուց, որի պատուհանները կոտրված էին։ Ես ծառայողական քննություն էի պահանջել։ Իհարկե, Քրեակատարողական վարչությունից մի անիմաստ պատասխան էի ստացել։

Այդպես էլ չանդրադարձան, թե ինչ հիմքով էին Արարատ Խանդոյանին պատուհանները կոտրած խուց տեղափոխել»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետից պարզաբանումներ է պահանջել, և հունվարի 27-ի ուշ երեկոյան Արարատ Խանդոյանին տեղափոխել են նրա նախկին խուց։ Արա Ղարագյոզյանը կարծիք հայտնեց, որ սա ճնշման միջոց է, ցանկանում են լռեցնել և ապացուցել, որ անպատժելիություն է։

Արարատ Խանդոյանի վերաբերյալ գործն այժմ քննվում է դատարանում։ Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատավարության համապատասխան փուլում միջնորդելու են դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մի շարք անձանց։ Ըստ նրա՝ այն անձանց ցուցմունքով, ովքեր Արարատ Խանդոյանի հետ են եղել, կհերքվի, որ Արարատ Խանդոյանը որևէ մեկին հարվածել է կամ բռնություն է  գործադրել որևէ մեկի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս