
Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվո՞ւմ է «Նապոլի»

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան չի բացառում իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Նապոլի»:
Զլատան Իբրահիմովիչը նախորդ տարվա ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ մանկունյանցիների հետ կնքելով 1+1 սխեմայով պայմանագիր:
Սակայն, չնայած պայմանագրի երկարաձգման հնարավորությանը, Իբրահիմովիչն արդեն այս ամառ կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի», ուր նրան ակտիվորեն ուղարկում է սեփական գործակալ Մինո Ռայոլան:
«Իբրահիմովիչին միշտ դուր է եկել Նեապոլը, և «Նապոլին»՝ մասնավորապես: Ես գիտեմ, որ Աուրելիո դե Լաուրենտիսը («Նապոլիի» սեփականատեր և նախագահ) ծանոթ է շվեդի ցանկություններին՝ կապված իր թիմում աշխատելու հետ»,- ասել է Ռայոլան անգլիական Sky Sports պարբերականին տված հարցազրույցում:
Անհայտ է մնում անձամբ ֆուտբոլիստի որոշումը. կցանկանա՞ նա տեղափոխվել «Նապոլի», թե՞, այնուամենայնիվ, նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը