
ԿԺԴՀ-ում պաշտոնանկ է արվել պետանվտանգության նախարարը. Kyodo

ԿԺԴՀ-ում պաշտոնանկ է արվել պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնը, իսկ նրա գերատեսչությունում ձերբակալվել ու մահապատժի են ենթարկվել բազմաթիվ ղեկավարներ:
Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ նախարարն իր պաշտոնից զրկվել է ստուգումների արդյունքում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ցուցումով անցկացրել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի կազմակերպչական բաժնի կողմից:
Այն, ինչպես հաղորդվում է, բացահայտել է, որ պետական անվտանգության գերատեսչությունում կիրառվել են կտտանքներ, իսկ նրա ղեկավարությունը վերազանցում էր իր լիազորությունները, ներքաշված էր կոռուպցիայի մեջ եւ այլն:
Պաշտոնանկությունից բացի, իջեցվել է պետանվտանգության արդեն նախկին նախարարի զինվորական կոչումը՝ բանակի գեներալից մինչեւ գեներալ-լեյտենանտ: Աղբյուրները չեն բացառում, որ հետաքննության ընթացքում նա կարող է ենթարկվել ավելի խիստ պատժի:
Պետական անվտանգության նախարարությունն ամենախոշոր հատուկ ծառայությունն է ԿԺԴՀ-ում, այդ տնօրինում է հետախուզությունը, հակահետախուզությունը, խափանարար գործունեությամբ զբաղվող տարրերի բացահայտումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ գերատեսչությունում աշխատում Է շուրջ 50 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: