ԱԺ-ն կկարգավորի «հարևանի ծաղիկներով հողատարածքների միջով» անցնելու իրավունքը
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ըստ այդմ` փոփոխությունների կատարմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կլինի հստակ ձևակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը: Արդյունքում` սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն պայմանավորված անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ, այլ կապված կոնկրետ անձից, նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից:
Կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ արտաքին գովազդով զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց ցուցանակները այլ սեփականատերերի հողամասերում տեղադրելու, կամ փոքր ճարտարապետական նմուշներ (օր.՝ արձաններ) տեղադրելու հետ կապված հարաբերությունները, որոնք այսօր կամ չեն կարգավորված, կամ թերի են կարգավորված (հիմնականում հիմնված են պարտավորական իրավունքի վրա՝ վարձակալություն, անհատույց օգտագործում և այլն): Ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը հայկական իրավունք առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ և գույքն օգտագործողի միջև հարաբերությունները:
«Սերվիտուտի այս պայմանագրով կարգավորվում են, ասենք` հարևանի ծաղիկներով հողատարածքների միջով անցնելը»,- ասաց Հովհաննիսյանը։