Ադրբեջանն արգելել է ռուս ուսանողուհուն հայկական ազգանվան պատճառով մուտք գործել երկիր
Ադրբեջանի սահմանապահները արգելել են երկրի տարածք Ռուսաստանի քաղաքացի Վիկտորյա Աղոյանի մուտքը ազգանվան պատճառով, հայտնում է 76.ru-ն։
Ուսանողուհին Բաքու էր ուղևորվել համալսարական խմբի հետ, սակայն նրան չեն թույլատրել դուրս գալ Բաքվի օդանավակայանից ու արգելել են շփվել զբոսաշրջային խմբի մյուս անդամների հետ։
«Ձերբակալեցին օդանավակայանում, վկայակոչելով նրան, թե հայերի մուտքը Ադրբեջանի տարածք արգելված է։
Միանգամից հարց է առաջանում՝ ինչի՞ց եզրակացրիք, որ ես հայուհի եմ։ Ազգանվանս «յան»-ը ոչնչի մասին չի վկայում։ Ազգանունը ինչ էլ ասես կարող է լինել, այսօր ես Աղոյան եմ, իսկ վաղը կուզենամ ու կդառնամ Շևարնաձե։ Ստացվում է, որ փոխվելու է նաև իմ ազգությո՞ւնը։ Ի՞նչ հիմարություն է»,- հայտարարել է աղջիկը։
Նրա խոսքով՝ հունվարի 27-29-ը ինքը գտնվել է օդանավակայանում։
«Չեմ կարծում, որ այն պայմանները, որում ապրել եմ, կարելի է անվանել տանելի։ Ատամներս ստիպված էի մաքրել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ, իմ հաշվին սնունդ գնել ու գիշերը բաճկոնով քնել անհարմար ու կոշտ աթոռների վրա, երբեմն՝ նաև հատակին»,- պատմել է Վիկտորյան։
Աղջիկը Ռուսաստանի քաղաքացի է, ազգանունը նրան է փոխանցվել պապից։
Վիկտորյան բողոքել է նաև Բաքվում Ռուսաստանի դեսպանատնից, որի բժիշկները օգնել են իրեն, քանի որ իրեն բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, սակայն բավականաչափ դեղամիջոցներ չեն ունեցել։
Աղջիկը դժգոհել է, որ ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչպես է ինքը հասել տուն։