«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են ամենաաղմկոտը». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են ամենաաղմկոտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ արդեն գրեթե ձևավորված քաղաքական պատկեր ունենք.

«Մենք նաև տեսնում ենք, որ վերադասավորումներ են տեղի ունենում ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաև իշխող կուսակցության տարբեր թևերի ներսում, ու դրա վառ օրինակը նախկին վարչապետի հետ կապված պատմությունն է: Կարծում եմ՝ այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ առաջիկա ընտրությունները լինելու են ավելի աղմկոտ: Ավելի կեղտոտ ինֆորմացիոն և PR դաշտ կունենանք մոտակա երկու ամսվա ընթացքում, որովհետև միայն ադմինիստրատիվ ռեսուրսներով կամ դրանց դեմ պայքարելով՝ քաղաքական ուժերը դժվար թե բավարարվեն»:

Հարցին՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հայտարարել էր, որ իրեն, ի դեմս հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամների, մահապարտների գունդ է հարկավոր, ի՞նչ է կարծում՝ նման լուրջ պայքա՞ր է լինելու ընտրատեղամասերում, նա պատասխանեց, որ նախընտրական պայքարի ժամանակ քաղաքական գործիչները փորձելու են մաքսիմալ ձևով կոշտ հայտարարություններ անել.

«Հատկապես այն քաղաքական ուժերը, որոնք որ տեսնում են իրենց քաղաքական ապագան ընդդիմադիր դաշտում: Այս պահին ոչ միայն Նաիրա Զոհրաբյանի, այլ նաև Ծառուկյանի քաղաքական ուժի գլխավոր խնդիրներից մեկը հանդիսանում է այդ վճռականության ցուցադրումը: Հիմա քննարկումներ կան, որ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանի քաղաքական ուժը գտնվում է իշխանության ազդեցության տակ, հետևաբար՝ այս դաշտում ԲՀԿ-ի ներկայացուցիչները պետք է ցույց տան, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան ավանդական ընդդիմադիր դաշտը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքում տեսնո՞ւմ է իշխանության ձեռքը, նա այսպես պատասխանեց. «Այս դեպքում հակառակն է. մենք տեսնում ենք, որ դա հետխորհրդային տարածքին բնորոշ քաղաքական ուժ է, որը ներառում է նախկին իշխանավորների, պաշտոնյաների, որոնք տարբեր պատճառներով հեռացել են իշխանությունից: Սեյրան Օհանյանի դեպքում, չեմ կարծում, որ կարող է խոսք գնալ իշխանական ազդեցության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս